29 մայիսի 2012 - 15:34 AMT
Փակ շուկայի ակտիվիստները պատրաստվում են հանրային քննարկումներ կազմակերպել

«Փրկենք Փակ շուկան» նախաձեռնության անդամները պատրաստվում են հանրային լսումներ կազմակերպել Փակ շուկայի տանիքի քանդման անօրինական աշխատանքների հետ կապված։ Այսօր լրագրողնների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, «Փրկենք փակ շուկան» նախաձեռնության անդամ Ստեփան Սաֆարյանը։

ԱԺ նախկին պատգամավորի պնդմամբ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին օրենքը» նման դեպքերում նախատեսում է համապատասխան մարմինների կողմից հանրային քննարկումների կազմակերպում, և քանի որ պատասխանատուները չեն կազմակերպում, ապա ակտիվիստներն են պատրաստվում նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնել։

Հանդիպմանը ներկա «Ժառանգություն» կուսակցության մյուս ներկայացուցիչ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանն էլ նշեց, որ իրենք պատրաստվում են նաև մշակույթի նախարարություն դիմում ուղարկել` ներկայացնելու բոլոր այն շենքերը, որոնք համարվում են հուշարձան, ինչպես նաև թե ու՞մ են վաճառվել դրանք։ Բլոգերի խոսքով, նրանք գնում են այս քայլին հետագայում հուշարձան համարվող շենքերի ճակատագիրը վերահսկելու և նմանատիպ դեպքերի կրկնությունից խուսափելու համար։

Ստեփան Սաֆարյանն, անդրադառնալով Փակ շուկայի հարևանությամբ ապրող բնակիչներից մի քանիսի այն հայտարարությանը, թե իրենք ուզում են, որ շուկայում շարունակվեն շինարարական աշխատանքները, ասաց. «Դա թատերական ներկայացում էր։ 5-6 մարդու ձայն էր լսվում, ովքեր շատ օպերատիվ հայտնվում էին տեսախցիկների առջև։ Նրանք ունեին հստակ առաքելություն ներկայացնելու բնակչության ձայնը»։ Իզաբելլա Աբգարյանը հավելեց, որ այդ մարդիկ վերավաճառողներ էին, ովքեր շահագրգռված են, որպեսզի շուկան հնարավորինս շուտ վերականգնվի ու բացվի։