Կառավարությունն իր վերջին նիստում որոշում է կայացրել ներդրումային ծրագրի շրջանակներում «Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին: Ինչպես ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունն արդեն ձեռնամուխ է եղել 10 մլրդ դրամ ներդրումային ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը, որի ավարտին 70 նոր աշխատատեղ կբացվի:
Ներդրումային ծրագրի երկրորդ փուլը՝ 7,1 մլրդ դրամ, թույլ կտա «Էկոտոմատոյին» ընդլայնել վարդերի արտադրությունը՝ ևս մեկ ջերմոցային տնտեսություն կառուցելով 3 հա տարածքով: Ընդ որում, շուրջ 6,2 մլրդ դրամ կուղղվի հոլանդական «Dalsem» ընկերության արդիական սարքավորումների ձերք բերմանը:
Նախարարը հայտնեց նաև, որ ներդրումային ծրագրի առաջին փուլում՝ 3 մլրդ դրամ, ընկերությունն արդեն իսկ արտահանել է 950 մլն դրամի արտադրանք: