Հունիսի 13-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի գալա-համերգը, որտեղ և հայտարարվեցին հաղթողները: Մրցույթն այս տարի անցկացվում էր ջութակահարների միջև: Մրցույթի Գրան պրին ստացավ Ֆյոդոր Ռուդինը (Ռուսաստան և Ֆրանսիա): Առաջին մրցանակն այս տարի բաժին հասավ միանգամից երկու ջութակահարների` ճապոնուհի Այակո Թանաբեյին (Մոսկվայի կոնսերվատորիայի սան, Սերգեյ Կրավչենկոյի ուսանողուհի) և ռուսաստանցի Պավել Միլյուկովին: Երկրորդ մրցանակ այս տարի չի հանձնվել: Երրորդ մրցանակին արժանացել է դարձյալ ճապոնացի ջութակահար Դ. Նակամուրան: Բացի այդ, եղան նաև հատուկ մրցանակներ:
Այս տարի պատվավոր ժյուրիի նախագահն էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և նվագախմբային ֆակուլտետի դեկան Էդուարդ Թադևոսյանը:
Մրցույթի գործընկերն էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Նախագիծն իրականացավ ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան - մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով, և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, պրոֆեսոր Ռեյնգարդ Ֆոն Գութզեյթը, Վալերի Գերգիևը, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովը և այլք: