Հունիսի 14-ին Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի և Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանի ուղեկցությամբ այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Աթոռում պատվիրակությանը ողջունեց Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում Նաթան Սրբազանն անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին, ինչի վկայությունն է դեռ 9-րդ դարից հայ համայնքի առկայությունը Բուլղարիայում: Այդ առիթով Սրբազանը երախտագիտություն հայտնեց Բուլղարիայի իշխանություններին` բուլղարաբնակ հայորդիների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Սրբազանն իր խոսքում նաև կարևորեց երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի սերտացումը` ընդգծելով, որ մշակույթի միջոցով կարելի է հարատև պահպանել ժողովրդի հոգին ու ոգին: Սրբազան Հայրը հաջողություն մաղթեց Ռաշիդովին իր պատասխանատու առաքելության մեջ` նշելով, որ առանց մշակույթի ազգերը չեն կարող գոյատևել:
Բուլղարիայի մշակույթի նախարարն իր հերթին կարևորեց երկու ժողովուրդների ջերմ հարաբերությունների ամրապնդումը, ովքեր դարեր շարունակ Բուլղարիայում ապրել են կողք կողքի, կիսել ուրախություններն ու դժվարությունները և իրենց արարումներով հարստացրել Բուլղարիայի մշակույթը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական և Բուլղար Ուղղափառ եկեղեցիների եղբայրական հարաբերություններին, խոսվեց երկու ժողովուրդների ընդհանրությունների և հասարակության կյանքում հոգևոր արժեքների կարևորության մասին, հայտնում է Մայր Աթոռի մամլո դիվանը: