14 հունիսի 2012 - 17:31 AMT
Սեպտեմբերին Հայաստան կայցելի Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 14-ին ընդունեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Ինչպես հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը, Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Պետր Միկիսկային դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-չեխական բարեկամական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ համակողմանի գործակցությունը զարգացնելը, և Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է: «Վստահ ենք, որ Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը ևս դրական ազդեցություն կունենա մեր քաղաքական երկխոսության շարունակականությունն ապահովելու, առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու և մարդկային շփումներն ակտիվացնելու գործում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահն անհրաժեշտ համարեց խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը` համոզմունք հայտնելով, որ խորհրդարանների մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել փոխճանաչելիության բարձրացման համար` միմյանց ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միմյանց աջակցելու տեսանկյունից: Պարոն Աբրահամյանն ընդգծեց առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և փոխանցեց Չեխիայի խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձը: Միկիսկան վստահեցրեց, որ կանի հնարավորը երկկողմ կապերը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Նա նույնպես կարևորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և այդ համատեքստում տեղեկացրեց, որ Չեխիայի խորհրդարանում ստեղծվել է չեխ-հայկական բարեկամության խումբ, իսկ սեպտեմբերին Հայաստան կժամանի Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը: