18 հունիսի 2012 - 15:47 AMT
Սահմանամերձ գյուղերի աշակերտները հագեցած օրեր են անցկացրել Ծաղկաձորի ամառային ճամբարում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) նախաձեռնությամբ հունիսի 15-17-ը Ծաղկաձորում կազմակերպվել էր ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են հիմնադրամի մամուլի ծառայությունից` 9 սահմանամերձ գյուղի (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և այլն) 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ և նրանց ուղեկցող ուսուցիչներ եռօրյա հագեցած օրեր են անցկացրել Ծաղկաձորում: Հանգստի ընթացքում երեխաները մասնակցել են առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ են անցկացրել հոգեբանները, տեղի են ունեցել ռազմահայրենասիրական քննարկումներ, ուսուցանվել են ազգային երգեր և պարեր:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը աշակերտների և նրանց ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ նման ծրագրերը շարունակական են լինելու։

Կարեն Ավագյանը հանդիպման ընթացքում պատասխանել է տավուշցի պատանիների և ուսուցիչների հարցերին։ Ներկաներին առավելապես հետաքրքրում էին Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացը, ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, սահմաններում հրադադարի ապահովումը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրը շարունակական է. հետագայում կընդգրկվեն նաև Տավուշի մարզի այլ գյուղերի և այլ տարիքային խմբերի աշակերտներ: Նման ծրագիր կանցկացվի նաև Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաների համար: