19 հոկտեմբերի 2004 - 17:47 AMT
ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ
Բուդյովսկ քաղաքում հոկտեմբերի 17-ին կայացավ «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերին նվիրված» համալիրի բացումը: Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, համալիրը կազմված է 8 մետր բարձրություն ունեցող կամարից, խաչքարից եւ քարերի կոմպոզիցիայից: Հուշարձանի ստեղծումը նախաձեռնել է Բուդյոնովսկիի «Սուրբ Խաչ» հայ համայնքի վարչությունը 2003 թվականին: Համալիրի հանդիսավոր բացումից հետո քաղաքապետ Նիկոլայ Լյաշենկոն իր ելույթում նշել է, որ «Բուդյոնովսկը հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամության խորհրդանշանն է»: Նշենք, որ Սուրբ Խաչ քաղաքը, որը հետագայում դարձել է Բուդյոնովսկ, հիմնադրվել է 1799 թվականին` Ղարաբաղից գաղթած հայերի կողմից: