5 հուլիսի 2012 - 15:22 AMT
Արագածոտնում լեհական աջակցություն նախագծի շրջանակում ոռոգման ջրագիծ է բացվել

Հուլիսի 3-ին Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում բացեց ոռոգման ջրի ջրագիծը, որը կառուցվել է Հայաստանին լեհական աջակցություն նախագծի շրջանակում: Ջրագծի շնորհիվ բնակիչները հնարավորություն կունենան ոռոգելու գյուղի ստորին հատվածում գտնվող բոլոր դաշտերն ու այգիները: Ջուր չլինելու պատճառով մինչ օրս այդ հողերը չեն մշակվել: Ջրագծի բացման արարողությանը մասնակցեցին նաև գյուղի բնակիչներն ու Արագածոտնի մարզպետի տեղակալ Արամ Արսենյանը:

Լեհական աջակցության շրջանակներում այս նախագիծը երկրորդն էր Արագածոտնի մարզում: 2011 թ. վերանորոգվել է բուժկետ` հարևան Գեղադիր գյուղում:

Ավելի վաղ, հուլիսի 1-ին Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը հանդիսավոր կերպով նվիրաբերեց Լեհական Աջակցություն ծրագրի շրջանակներում գնված տրակտորը Տավուշի մարզի Պառավաքար գյուղի համայնքի բնակիչներին:

2012թ. – ին դեսպանությունն իրականացնում է ընդհանուր հաշվով 6 փոքրիկ դրամաշնորհային ծրագրեր` Լեհական աջակցության շրջանակում: Ծրագրերն իրականացվում են Տավուշի, Լոռու, Արագածոտնի և Սյունիքի մարզերում: Ծավալում են` դպրոցների վերանորոգումներ, ջրագծերի կառուցում, Ստեփանավանի մոտակայքում գտնվող Գյուլագարակ գյուղի դենդրոպարկին աջակցություն, ինչպես նաև Տաթևի վանքից մինչև Հարջիս զբոսաշրջային երթուղու ցուցանակների տեղադրում: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 60 000 եվրո: