Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Լոս Անջելեսի «Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` նվիրված ակադեմիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30 և ծննդյան 50-ամյակներին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Վարդան Գևորգյանն իր ամբողջ ստեղծագործական կյանքը նվիրել է հայ արվեստին, հայ մշակույթին: Նա և կինը`Սիրանույշ Գևորգյանը, ստեղծել են մի հոյակապ կառույց, որը կոչվում է Պարարվեստի ակադեմիա և այնտեղ կրթել, դաստիարակել հայ երիտասարդ պատանիներին և աղջիկներին: Տեր և տիկին Գևորգյանները հայ պարարվեստի, հայ ինքնության, հայապահպանության դեսպաններն են Ամերիկայում»:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը Վ.Գևորգյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով` ազգանվեր գործունեության, հայ պարարվեստին անմնացորդ նվիրումի, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար:
Վ.Գևորգյանը` շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուքի նախարարությանը Հայրենիքում ելույթներով հանդես գալու նման հնարավորության համար, նշեց. «Հայրենիքի կողմից այսպիսի գնահատականը մի նոր ուժ կհաղորդի մեր երեխաներին` ավելի մեծ ոգևորությամբ շարունակելու հայապահպան գործունեությունը»:
Երեկոյին «Գևորգյաններ» պարարվեստի ակադեմիայի անդամները բեմադրեցին ինչպես հայկական ժողովրդական պարեր, այնպես էլ` այլ ժողովուրդների ազգային պարեր, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: