6 հուլիսի 2012 - 13:16 AMT
Զարուհի Փոստանջյանը կողմ է նախագահի միասնական թեկնածուին, սակայն նա չպետք է լինի նախկին նախագահներից և ոչ մեկը

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կողմ է 2013թ-ի նախագահական ընտրությունների ընդդիմության մեկ թեկնածու առաջադրելու Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա` նշելով, սակայն, որ նա այդ թեկանծուի դերում չի տեսնում ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո´չ էլ նախկին նախագահներից որևէ մեկին, քանի որ, ըստ նրա, նրանք բոլորն էլ իրենց ժամանակին խոչընդոտել են Հայաստանի զարգացմանը. «Միասնական թեկնածուն պետք է լինի ոչ միայն ընդդիմության դաշտից, այլև առաջադրված լինի համաժողովրդական ալիքի ներքո»:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» թեկնածուին նախագահական ընտրությունների համար, Փոստանջյանը նշեց, որ իրենք ունեն իրենց թեկնածունին, որը անվերապահորեն Րաֆֆի Հովհաննիսյանն է, սակայն որոշումը, որ հենց նա է առաջադրվելու գալիք նախագահական ընտրություններին, դեռևս չկա: