Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ենթադրել է, որ Բուրգասում իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսի պայթյունին կարող են մեղսակից լինել լիբանանցի և պաղեստինցի գրոհայինները: Այդ մասին հայտարարել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «բոլոր հետքերը տանում են դեպի Իրան»: Նա ասել է, որ վերջին ամիսներին մի շարք ահաբեկչություններ են կանխվել տարբեր երկրներում, ընդ որում դրանց պատասխանատվությունը ևս բարդվեց Իրանի վրա: «Իսրայելը կպատասխանի իրանական ահաբեկչությանն ողջ հզորությամբ»,-ասել է նա:
Չորեքշաբթի երեկոյան Բուրգասի օդանավակայանում պայթել է իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը: Ահաբեկչության արդյունքում 7 մարդ է մահացել, շուրջ 30 վիրավորներ գտնվում են հիվանդանոցներում, ոմանց վիճակը ծանր է:
Բուլղարիա են ժամանել Իսրայելի հատուկ ծառայության աշխատակիցները: Բուրգասի օդանավակայանը փակ է թռիչքների համար: