ԵԱՀԿ, ԵՄ, այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները ԼՂՀ-ում ընտրությունները չճանաչելու մասին զուտ ձևական մոտեցում է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել Ընտրական համակարգերի փորձագիտական միջազգային կենտրոնի (ICES) ղեկավար Ալեքսանդր Ցինկերը: Ըստ նրա, այն ամենն, ինչ կատարվում է ԵԱՀԿ ազդեցությունից դուրս, «սխալ է»: «ԵԱՀԿ-ն չի ցանկանում փչացնել հարաբերություններն անդամ այն բոլոր երկրների հետ, որոնք չլուծված հակամարտություններ ունեն: Մենք գտնում ենք, որ չճանաչված հանրապետությունները պետք է մասնակցեն բանակցային գործընթացին, քանի որ հենց նրանց ճակատագիրն է որոշվում: Իսկ ԵԱՀԿ-ն ու ԵՄ-ն պետք է ճանաչեն, որ կա ԼՂՀ ժողովրդավարական միջոցով ընտրված ներկայացուցիչ, որի հետ հարկավոր է հաշվի նստել»,-ասել է Ցինկերը:
Նա հավելել է, որ իրենց կենտրոնն ուղղակի հետևում է, որ ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին և խորհուրդներ ու գնահատականներ չի տալիս: