«Մանուկի ճանապարհորդությունը» կինոնախագիծը (հեղինակ Օզլեմ Սարիյըլդըզը) ճանաչվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀԹԿՊ) հաղթող: Ինչպես հայտնում է փառատոնի մամլո ծառայությունը, նախագիծն արժանացել է 10.000 ԱՄՆ դոլար մրցանակի:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի երևանյան աշխատաժողովին այս տարի մասնակցել են 9 կինոգործիչներ Հայաստանից և Թուրքիայից: Կինոպլատֆորմի նախընտրական հանձնաժողովն ընտրել էր 25 հայտադիմումներից 9 կինոնախագիծ (4-ը Թուրքիայից, 5-ը Հայաստանից):
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են երկու` դեռևս անավարտ կինոնկարներ՝ «Հոյակապ է, շատ հրաշալի- Ամերիկայից Բիթլիս» (ռեժ. Լուսին Դինք, պրոդ. Սոներ Ալպեր) և «Հետ դեպի Գյուրյուն» (ռեժ. Ադրինե Գրիգորյան, պրոդ. Կարա Մարսթն):
Կազմակերպիչները հյուրնկալել էին նաև երեք թուրք լրագրողների: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը հիմնադրվել է 2008 թ-ին Անադոլու Քյուլթուրի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջև համագործակցության արդյունքում: Այն նպատակ ունի ստեղծել ընդհանուր ցանց, որի միջոցով երկու երկրների կինոռեժիսորները կկարողանան համագործակցել և միասին ֆիլմեր ստեղծել: Իր ստեղծումից ի վեր ՀԹԿՊ-ն աջակցել է հայ և թուրք կինոռեժիսորների 12 ֆիլմերի ստեղծմանը:
Վերջին երկու տարիների ընթացքում ՀԹԿՊ-ին աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, ինչպես նաև Թուրքիայում գտնվող մի շարք գործընկերների կողմից, ներառյալ Անադոլու Քյուլթուրը: