18 օգոստոսի 2012 - 13:05 AMT
Ուկրաինայի հայերի միությունը կազմակերպելու է ուկրաինահայ պատգամավորների հանդիպում

Օգոստոսի 17-ին Լվովում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» հասարակական կազմակերպությունների համաուկրաինական ասոցիացիայի համաժողովը: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, նիստին մասնակցել են Ուկրաինայի հայերի միության ղեկավարությունը, շրջանային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ուկրաինում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը և այլ պատվավոր հյուրեր:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը շնորհակալություն է հայտնել Լվովի ղեկավարությանը հայկական սփյուռքի և նրա պատմամշակութային ժառանգության հանդեպ ուշադիր վերաբերմունքի համար:

Պատմելով Լվովից իր տպավորությունների մասին` Շատվորյանը հայտարարել է. «Ես ինձ երեխա եմ զգում այս հին քաղաքում, քանի որ այստեղ շատ բան ինձ հիշեցնում է իմ հարազատ Երևանը, որտեղ ես ծնվել եմ»:

«Ուկրաինայի հայերի միության թեժ գծին հայ համայնքի զանգերի շնորհիվ մենք տեղյակ ենք բոլոր խնդիրներից, որոնք նրանց անհանգստացնում են: Բայց խնդիրների լուծման համար մենք պետք է հաշվի առնենք փորձագետների, ինչպես նաև այլ համայնքների ներկայացուցիչների կարծիքները: Քանի որ մեզանից յուրաքանչյուրի փորձը միշտ օգտակար է: Ավելի լավ է սխալներ թույլ չտալ, քան հետո դրանք ուղղել»,-ասել է Շատվորյանը:

Ինչպես հայտնել է համաժողովի մասնակիցներին Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Աշոտ Մարությանը, առաջիկայում ՈՒՀՄ-ն պլանավորում է հայազգի տարբեր պատգամավորների հրավիրել ընդհանուր ժողովի, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի հայկական սփյուռքի համախմբման հարցերը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների կազմում կան երկու հայազգի խորհրդարանականներ` Նվեր Մխիթարյանը և Գարեգին Հարությունովը: