Ամերիկայի հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիին հանդիպել երկրի հայ համայնքի ղեկավարության հետ և շարադրել իր տեսակետն այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են ԱՄՆ հայերի համար:
Միթ Ռոմնիին հասցեագրված ANCA նախագահ Քեն Խաչիկյանի նամակում, մասնավորապես, ասվում է. «Ես խնդրում եմ Ձեզ հրապարակավ ներկայացնել Ձեր գերակայությունները և քաղաքականությունը, որը Դուք անցկացնելու եք որպես նախագահ, այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հայազգի ընտրողների համար: Ցանկանում եմ նաև Ձեզ հանդիպման հրավիրել մեր համայնքի առաջնորդների հետ` նախագահական ընտրություններում հայերի մասնակցությունը քննարկելու համար:
Այդ հանդիպումը մեզ հնարավորություն կտա նախանշել առաջիկա ամիսներին և տարիներին մեր համատեղ աշխատանքի ուղիները, ինչպես նաև թույլ կտա ԱՄՆ հայերին նոյեմբերի նախագահական ընտրություններին մասնակցել` լիակատար տեղեկատվություն ունենալով Ձեր դիրքորոշման մասին այն հարցերի շուրջ, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն»:
Օգոստոսի 16-ին ANCA-ն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ` նրանց հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Չնայած 2008-ին հնչած ` «ԱՄՆ հայերին բոլոր հուզող հարցերի շրջանակում հայ համայնքի հետ ակտիվորեն համագործակցելու» նախընտրական խոստմանը, Օբաման այդպես էլ չկարողացավ հանդիպել համայնքի առաջնորդների հետ:
ANCA նախագահ Քեն Խաչիկյանի` Օբամային ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Ես Ձեզ դիմում եմ խնդրանքով` Ձեր խոստամնը համապաատասխան, ակտիվորեն համագործակցելու հայկական սփյուռքի հետ, հանդիպում կազմակերպելու մեր համայնքի հետ` Հայկական հարցերի շուրջ Ձեր վարչակազմի քաղաքականությունը քննարկելու նպատակով: Ինչպես գիտեք, Ձեր նախագահության առաջին իսկ ամսվանից, ANCA-ն պարբերաբար, պաշտոնապես և հրապարակորեն դիմել է Ձեզ` հայկական համայնքի հետ անձնական շփման մասին խնդրանքներով:
Նման հանդիպումները, որոնք առայժմ, ցավոք չեն կայացել, կարող են անհրաժեշտ հարթակ ստեղծել կարծիքների ազատ փոխանակման համար և թույլ կտան Ձեզ անձամբ մեզանից լսել այն հարցերը, որոնք մեր անհանգստությունն ու հիասթափությունն են առաջացնում, ինչպես նաև ապագայի վերաբերյալ մեր հույսերը: Ձեր և հայ համայնքի միջև անմիջական երկխոսության բացակայությունը վնասում է մեր ժողովրդավարությանը և ձեր դիվանագիտությանը»:
Հաշվի առնելով ուշադրության այն մակարդակը, որը Ձեր վարչակազմը տրամադրում է հայկական հարցերին և այն ժամանակահատվածը, որը Դուք տրամադրում եք արտասահմանյան պշատոնական անձանց և տեղական խմբերին, որոնք թշնամական են մեր արժեքների և հայացքների նկատմամբ, այնուամենայնիվ, հուսով ենք, որ Ձեր նախագահությունը չեք ավարտի հայկական համայնքի առաջնորդների հետ գոնե մեկ պաշտոնական հանդիպում չանցկացնելով»: