«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ առավոտից Երևանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի մեծածախ գինը միաժամանակ բարձրացավ:
«Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը այժմ վաճառվում է 500 դրամով, «Պրեմիումը»` 520 դրամով, «Սուպերը»` 550 դրամով:
Բենզինի թանկացման վերջին փուլը սկսվել է դեռ օգոստոսի 16-ին: Այդ օրը «Ռեգուլյարի» մեկ լիտրի գինը 470 դրամից բարձրացավ 480-ի: Մի քանի օր անց` գինը դարձավ 490, երեկ էլ` 500 դրամ:
«Փաստորեն, ընդամենը երկու շաբաթում բենզինը Հայաստանում թանկացավ ավելի քան 6 տոկոսով: Թերթը նկատում է, որ համաշխարհային շուկայում բենզինի գնի չնչին աճ նկատվում է, սակայն դա ամբողջությամբ «չեզոքացվում է» դրամի արժեվորմամբ: Այլ կերպ ասած, բենզինի այսպիսի թանկացումը պատճառաբանված չէ»,-գրում է թերթը: