Հովսեփ Խուրշուդյան. Բաքուն ու Բուդապեշտը արեցին սխալ, որը նրանց թույլ տվեցին Բրյուսելն ու Վաշինգտոնը

Հովսեփ Խուրշուդյան. Բաքուն ու Բուդապեշտը արեցին սխալ, որը նրանց թույլ տվեցին Բրյուսելն ու Վաշինգտոնը

PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ մոլագար մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին նախապես տեղյակ են եղել թե' Բրյուսելում, թե' Վաշինգտոնում և թե' Երևանում: Եվ այդ քայլը լռելյայն թույլ տրվեց, քանի որ այս երեք մայրաքաղաքներ էլ ունեին իրենց շահը` թուլացնել և Հունգարիայի գործող իշխանությանը, և Իլհամ Ալիևին: Նման կարծիք է հայտնել ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը իր «Բաքուն ու Բուդապեշտը արեցին սխալ, որը նրանց թույլ տվեցին Բրյուսելն ու Վաշինգտոնը» հոդվածում:

Հունգարիայի ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանը եվրոպական ընտանիքի «աչքի գրողն» էր դեռևս 1998-2002 թվականներից: Նրա ազգայնական և այլատյաց հռետորաբանությունն ու քաղաքականությունը Բրյուսելում միշտ էլ համարել են եվրոպական և համամարդկային հումանիստական արժեքների հետ անհամատեղելի ու վտանգավոր: Օրբանը նաև մեղադրվում էր ավտորիտար վարչապետական կառավարման մոդելի կիրառման համար, որի արդյունքում խորհրդարանի լիազորությունները նվազեցվել էին: 2002թ.-ին, երբ ոչ առանց Բրյուսելի աջակցության ձախերն ու լիբերալները հաղթեցին Օրբանի գլխավորած «Ֆիդեշ» աջ կենտրոնամետ կուսակցությանը (որն, ի դեպ, ԵԺԿ անդամ է)` Օրբանը բողոքեց, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են: Սակայն եվրոպական դիտորդների հայտնաբերած միակ խախտումը պետական հեռուստաընկերության լուսաբանումներում «Ֆիդեշին» ակնհայտ առավելություն տալն էր, գրում է նա:

Հոդվածում ասվում է նաև, որ համաշխարհային ճգնաժամի հետևանքներից Հունգարիայի բնակչության դժգոհությունների հողի վրա 2010թ.-ին «Ֆիդեշը» կրկին եկավ իշխանության, և Օրբանը նորից նշանակվեց վարչապետ: Սակայն այս անգամ նրա «չկամեցողների» թվում հայտնվեցին ոչ միայն Բրյուսելը, այլ նաև Վաշինգտոնը, ուր իշխանության էր եկել Օբամայի ժողովրդավարական վարչակարգը, որը շատ ավելի մեծ նշանակություն է տալիս մարդու իրավունքներին` երբեմն անգամ հանուն դրա զոհաբերելով ինչ-ինչ այսրոպեական աշխարհաքաղաքական դիրքեր: Մինչդեռ ազգայնական պոպուլիստ և այլատյաց, կղերականությունը քաջալերող (դրա համար Վատիկանի կողմից անգամ Սբ. Գրիգոր Մեծի միաբանության մեծ խաչին արժանացած) Օրբանի իշխանությունը չի տեղավորվում ԱՄՆ-ի հռչակած արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակում և արդեն հասցրել է դառնալ Վաշինգտոնի կոշտ քննադատության թիրախը: Ի դեպ, Օրբանով հիացած են ոչ միայն կղերական Վատիկանում, այլև մեծապետական Ռուսաստանում, որտեղից պարբերաբար գովեստի խոսքեր են հնչում «եվրոպական «գլոբալ էլիտայի ձևավորման ծրագրերի ճանապարհը փակած» «եվրոպական Ուգո Չավեսի» հասցեին (http://www.fondsk.ru/news/2012/05/18/ugo-chaves-evropy.html): Մոսկվայում հատկապես ոգևորված են 2012թ. հունվարի 1-ից Հունգարիայում ընդունված նոր Սահմանադրությամբ, որն առաջինն է ԵՄ երկրների մեջ, որ վերջ է դնում «մշակութային բազմազանությանը»: Սահմանադրության նախաբանում նաև նշվում է միջին դարերում գոյություն ունեցող մադյարական կայսրության տարածքների հանդեպ մերօրյա Հունգարիայի «ժառանգորդության» մասին` տարածքներ, որոնք գերազանցում են ներկայիս Հունգարիան 2-3 անգամ և ներառում ամբողջ Սլովակիան, ուկրաինական Անդրկարպատները, սերբական Վոևվոդինան, գրեթե ամբողջ Խորվաթիան և Ռումինիայի կեսը: Մի խոսքով` Եվրոպայի կենտրոնում իշխանության եկած այս թյուրիմացությունը եվրոպական արժեքների հակապատկերն է և պատահական չէ, որ ընկավ իր իսկ արժեքային համակարգի «փոսը», երբ` թքած ունենալով համամարդկային հումանիստական և տարրական բարոյական արժեքների վրա, իր «ազգային շահերի», այն է` Հունգարիայի համար մի քանի միլիարդ դոլար ադրբեջանական ներդրումներ ապահովելու համար նողկալի մարդասպանություն կատարած հանցագործին հանձնեց մի երկրի, որին Եվրոպայում ոչ պաշտոնապես ընդունում են որպես արևելյան նավթային էմիրություն, որի արտաքին և ներքին քաղաքականությունը հիմնված է բացահայտ ռասիզմի վրա, ուր մարդասպանը ակնհայտորեն խուսափելու էր իր արժանի պատիժը կրելուց, ավելին` արդեն մինչև արտահանձնումը հերոսացվում էր: Այնպես որ, Օրբանը պատկանում է եվրոպական արժեքները չընդունող և դրանք ամեն պատեհ-անպատեհ առիթով վատաբանող այլատյացների շարքին: Այժմ Բրյուսելի և Վաշինգտոնի համար փայլուն հնարավորություն է ստեղծվել ազատվելու այդ էկզոտիկ վարչակարգից: Եվ դրա առիթը տվեց հենց ինքը` Օրբանը, գրում է հեղինակը:

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի, ոչ պակաս անհեռատես գտնվեց Ալիևը, որի սխալի մեջ ևս շահագրգռված էին Բրյուսելն ու Վաշինգտոնը, սակայն, համենայնդեպս, ոչ ավելի, քան պաշտոնական Երևանը: Առաջին երկուսը Ադրբեջանի մասով դրանով առնվազն երկու խնդիր են լուծում.

1. Ղարաբաղյան հակամարտության հարցում անսասան թվացող և Արևմուտքի համար անընդունելի ստատուս-քվոյի խարխլմանն ուղղված գործընթացների խթանում, տվյալ դեպքում` Ադրբեջանի հանդեպ` որպես առավել անզիջում կողմի, ճնշումներ գործադրելու հավելյալ նախադրյալների ձևավորմամբ:

2. Ադրբեջանի` նավթային գերշահույթների շնորհիվ խիստ կամակոր դարձած ու Արևմուտքին արդեն նյարդայնացնող վարչակարգի գլոբալ առումով թուլացում և ներքին հակակշիռների զորեղացմամբ ժողովրդավարացում: Դա հատկապես կարևոր է` հաշվի առնելով այդ երկրում 2013թ. հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները:

Երևանը, բնականաբար, ամենաշատն է շահագրգռված Ադրբեջանի դիրքերի թուլացմամբ և Բաքվին միջազգային ճնշումների թիրախ դարձնելու հարցում: Ճնշումներ, որոնց հետևանքները կարող են լինել նվազագույնը որոշակի զիջումների կորզումը բանակցային ձևաչափում (ԼՂՀ-ի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթացի խթանման հանդեպ Մինսկի խմբի համանախագահողների առավել լոյալ վերաբերմունք կամ գոնե Ստեփանակերտի արդիականացված օդանավակայանի իրական վերագործարկում), իսկ առավելագույնը` ԼՂՀ անկախության ճանաչման հարցում ՄԽ համանախագահողներից լռելյայն համաձայնություն, ինչը կդառնար Արցախի միջազգային ճանաչման գործընթացի սկիզբը: Իվերջո` ներկայիս ռասիստական և հայատյաց Ադրբեջանի թուլացումը Հայաստանի ու Արցախի համար անվտանգության հարց է: Մեր հարևան երկրում առկա մարդատյաց ֆեոդալական վարչակարգի կազմաքանդումն ու արդիական ժողովրդավար պետության կառուցումը բխում են ոչ միայն Հայաստանի և Արևմուտքի, այլև հենց Ադրբեջանի բազմազգ ժողովրդի շահերից, ասվում է հոդվածում:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---