Սեպտեմբերի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Երևան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի համատեղ մամլո ասուլիսը: Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ մենք ունենք բավականին ինտենսիվ համագործակցություն։ Անդրադառնալով ղարաբաղյան բանակցություններում որպես միջնորդ հանդես գալու և Ստամբուլում բանակցություններ անցկացնելու Թուրքիայի առաջարկին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց.«Ի՞նչ է նշանակում: Այն բազմաթիվ հանդիպումները, որոնք կայացել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրներում, վերջին շրջանում մի շարք Ռուսաստանի քաղաքներում, սպասված արդյունքի չ՞են հանգեցրել, որովհետև Ստամբուլու՞մ չէին կայանում: Թուրքական կողմից որևէ միջնորդություն կամ միջամտության փորձեր այս հարցում բացառված են»:
«Թուրքիայի միջնորդության կամ միջամտության փորձերը հարևան երկրներին վերաբերող հարցերում երբևէ որևէ դրական արդյունք չեն տվել, հակառակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ապա բազմիցս ասվել է, և ոչ միայն Հայաստանի կողմից, որ այս հիմնախնդրում Թուրքիան որևէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ: