ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՄԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը շնորհավորական ուղերձ են հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին եւ նախագահին` ղարաբաղյան ազատագրական շարժման սկզբնավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ ղարաբաղյան շարժումը նախկին Խորհրդային Միությունում կայացած առաջին կամպանիան էր հանուն ազատության: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պաշտոնապես դիմել էր խորհրդային կառավարությանը «խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի» իրագործած պատմական անարդարությունն ուղղելու եւ այդ տարածաշրջանը Հայաստանին վերամիավորելու խնդրանքով: Այդ խաղաղ եւ օրինական խնդրանքի պատասխանը խորհրդային կենտրոնական եւ ադրբեջանական իշխանությունների խիստ ռեակցիան էր, որը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը արիաբար պաշտպանեց իր նախահայրերի հողում ազատ ապրելու իրավունքը: Այսօր Լեռնային Ղարաբաղը շարունակում է ամրապնդել իր պետականությունը` ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարության հետ մեկտեղ, ուժեղ բանակով եւ անկախ արտաքին քաղաքականությամբ: «Տարելիցի առիթով մենք հավաստիացնում ենք, որ այսուհետ եւս կշարունակենք ամենայն հնարավոր աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ազատությանը, ժողովրդավարությանը եւ տնտեսական զարգացմանը: Անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսն արտաքին օգնության գծով եւս 3 միլիոն դոլար է տրամադրել Լեռնային Ղարաբաղին, որպեսզի ձեզ օգնի վերածնելու ձեր կյանքն ու ձեր երկիրը, որ ամայացել է ձեր ազատության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում: Մենք հավաստիացնում ենք ձեզ, որ կշարունակենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք վստահ լինեք, որ ձեր շահերը ներկայացված են Կոնգրեսում: Մենք ողջունում ենք ձեր կառուցողական մոտեցումը եւ շարունակվող ավանդը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում: Մեր աջակցությունը ձեր ժողովրդավարությանը եւ ձեր նախընտրած ղեկավարության ներքո ազատ ապրելու ձեր ձգտմանը մնում է անսասան»,- նշվում է կոնգրեսականների ուղերձում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---