ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը:«Համոզված ենք, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև առկա հարաբերությունների հետագա զարագացման համար: Հայաստանի և Արգենտինայի կառավարությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի այդ հարաբերությունները դառնան ավելի բազմատեսակ»,- Տիգրան Սարգսյանի խոսքը մեջբերում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Իր հերթին Արգենտինայի ԱԳ նախարարը նշել է, որ Արգենտինան պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առևտրային պալատի գործունեության ակտիվացումը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել հայ-արգենտինյան բիզնես ֆորում, որի շրջանակներում էլ հնարավոր կլինի ընդլայնել և զարգացնել երկու երկրների գործարար կապերը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ծրագրերում, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում արգենտինյան կողմի հնարավոր ներգրավմանը: Զրուցակիցները քննարկել են նաև զբոսաշրջության, գիտության և առողջապահության բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը և գործնական քայլերի իրականացմանն առնչվող հարցեր:
Տիգրան Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին՝ արգենտինահայ համայնքին մեծ ուշադրություն դարձնելու և վերջիններիս խնդիրներին աչալուրջ լինելու համար: