Նախագահն ու Արգենտինայի արտգործնախարարը խոսել են Արցախյան հակամարտության մասին

Նախագահն ու Արգենտինայի արտգործնախարարը խոսել են Արցախյան հակամարտության մասին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, հանրապետության ղեկավարը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ, և երկու ժողովուրդների միջև համակրանքն ու փոխադարձ վստահությունը գոյություն են ունեցել Հայաստանի անկախացումից շատ ավելի վաղ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ավելի խորացնելու հարաբերությունները բարեկամ Արգենտինայի հետ և հույս է հայտնել, որ արտգործնախարար Թիմերմանի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-արգենտինյան համագործակցությունը զարգացնելու և երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար:

Արտգործնախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի խոսքով, Հայաստանը Արգենտինայի համար պարզապես երկիր չէ, այլ բարեկամ երկիր, որի պատմությունը հարգանքի է արժանի: Նախարարը վստահեցրել է, որ Արգենտինայի ժողովրդի ցանկությունն է՝ խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, և իր երկրի կառավարությունն այն իրականացնելու բոլոր հնարավորություններն ունի:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

 Ուշագրավ
---