Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը խստորեն քննադատել է Բաքվի որոշումը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին:
«Ես լրջորեն մտահոգված եմ Սաֆարովի ներմամբ, նրա հերոսացմամբ: Ադրբեջանը Հունգարիային գրավոր պարտավորություններ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում առնվազն 25 տարի: Ադրբեջանը դրժել է խոստումը: Սաֆարովին ազատ արձակելու որոշմամբ Ադրբեջանը դեմ գնաց ԵՄ անդամ երկրի դատավճռին և մարդասպանին օրինակ դարձրեց երիտասարդ սերնդի համար»,-հայտարարել է Էլմար Բրոկը:
2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:
Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: