12 սեպտեմբերի 2012 - 14:43 AMT
ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի ԿԽՄԿ-ն

Հայաստանում ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն 2012» զորավարժություններին առաջին անգամ կմասնակցեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ստորաբաժանումներ: Ինչպես հաղորդում է ՀԱՊԿ ինստիտուտի հայկական ազգային ներկայացուցչությունը, զորավարժություններում կմշակվի Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կիրառումը: Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինվորական զորակազմեր և օպերատիվ խմբեր, ինչպես նաև ԿԽՄԿ ներկայացուցիչներ, ՄԱԿ ԵԱՀԿ, ԱՊՀ դիտորդներ: Ներգրավված կոնտինգենտների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 2000 մարդ:

«Փոխգործակցություն 2012» զորավարժություններին մասնակցելու համար ՀԱՊԿ անդամ երկրների կողմից տրամադրված զորամասերը և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներն արդեն ժամանել են «Բաղրամյան» զորավարժարան, որտեղ գտնվում է դաշտային ճամբար, և արդեն ձեռնամուխ են եղել մարզումների:

Զորավարժություններին ԿԽՄԿ մասնակության նպատակը ԱԱՀՈւ հրամանատարության հետ փոխազդեցությունն է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան գործողությունների ներմուծումն ապահովելու համար: ԿԽՄԿ-ն Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) հրամանատարության հետ կազմակերպում է ճեպազրույցներ կազմակերպության գործունեության և միջազգային մարդասիրական իրավունքի հիմունքների մասին: