ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` ԱԻՆ համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք: Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ Նախագահի հանձնարարականն առավելագույնս արդյունավետ իրագործելու տարբերակները։ Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական ծառայություն գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման մասնակիցներից «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նշեց, որ սա աննախադեպ նախաձեռնություն է և ԱԻ նախարարին նվիրեց մի գիրք, որը կօգնի ավելի լավ պատկերացնել ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց առանձնահատկությունները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արթուր Կեսոյանը փաստեց, որ ԱԻՆ-ում արդեն բավական գործ է արված հաշմանդամների համար, իսկ Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունից Սոնա Հարությունյանն ընդգծեց, որ որպես պետական գործատու` ԱԻՆ-ը շատ գովելի քայլ է անում` հավելելով, որ իրենք վերջերս արտերկրից ստացել են երկու հատուկ ավտոբուս, որոնք նույնպես կարող են օժանդակել ԱԻ նախարարությանը։
ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ նախարարությունում աշխատանքի անցնող մարդիկ համապատասխան վերապատրաստում կանցնեն։
Նախարարի հանձնարարությամբ ստեղծված հատուկ աշխատանքային խումբը հաշվի կառնի շահագրգիռ կազմակերպությունների բոլոր առաջարկությունները` կապված աշխատանքային պայմանների, չափորոշիչների և այլ հարցերի հետ, ու հնարավորիս սեղմ ժամկետում կներկայացնի այս նախաձեռնությունն իրականություն դարձնելու արդյունավետ ծրագիր։
Հանդիպման ավարտին մասնակիցները շրջեցին նախարարության տարածքում, այցելեցին ԱԻՆ համաբուժարան և ճգնաժամային կառավարման կենտրոն` ծանոթանալով դրանց կառուցվածքին, գործառույթներին ու հնարավորություններին, իսկ վերջում տեսան ԱԻՆ նորակառույց մասնաշենքը, որն ապահովված կլինի հաշմանդամների համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։