14 սեպտեմբերի 2012 - 17:59 AMT
Դինքի սպանության կազմակերպիչներից Յասին Հայալը շուտով կարող է ազատ արձակվել

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից մեկը՝ Յասին Հայալը առաջիկա չորս ամսում կարող է ազատ արձակվել իրավաբանական «սողանցքի» պատճառով, հայտարարել է Դինքի ընտանիքի փաստաբանը, հայտնում է Hurriet Dayli News-ը:

«Այդ գործի բոլոր մասնակիցները, որոնց մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական կազմակերպության մասնակցելու համար, արդարացվել են, այնպես որ առավելագույն ժամկետը, որին կարող է դատապարտվել Հայալը, 6 տարվա ազատազրկումն է, եթե դատավճիռը հաստատվի նաև վճռաբեկ դատարանում: Հազիվ թե Գերագույն վճռաբեկ դատարանը իր վճիռը 4 ամսից շուտ կայացնի»,-հայտարարել է փաստաբան Ֆեթիե Չեթինը:

Վերջին ուղղումները Թուրքիայի ՔՕ-ում սահմանափակում են ազատազրկման առավելագույն ժամկետը 5 տարով, բացառությամբ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության մեջ մեղադրանքներին: Եվս մեկ տարի կարող է ավելացնել Գերագույն վճռաբեկ դատարանը:

Ինչպես հավելել է Դինքի ընտանիքի մեկ այլ փաստաբան Բահրի Բելենը, այդ հարցը չափազանց վիճահարույց է, քանի որ ստացվում է, որ ցանկացած հանցագործ կարող է օրինական կերպով ազատ արձակվել:

Յասին Հայալը ցմահ բանտարկության է դատապարտվել Հրանտ Դինքի սպանության կազմակերպման համար: