14 սեպտեմբերի 2012 - 18:06 AMT
Հյուսիսային պողոտայում երեք անգամ կավելանան կանաչ տարածք հանդիսացող «ծաղկամանները»

Հյուսիսային պողոտայի կանաչ տարածքները կավելանան երեք անգամ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «Կանաչապատումը նախատեսվում է իրականացնել Հյուսիսային պողոտայի հետագա բարեկարգման աշխատանքների շրջանակում: Աշխատանքների ծրագրի մշակումն ընթացքի մեջ է, և եթե ամեն ինչ ըստ նախատեսված ժամանակացույցի ընթանա, ապա աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ին, հակառակ դեպքում մեկնարկը կտրվի հաջորդ տարվա գարնանը»,- նշեց ճարտարապետը` հավելելով, որ կհարստանա պողոտայի շենքերի արտաքին լուսավորությունը, ինչպես նաև կիրականացվեն այլ բարեկարգման աշխատանքներ:

Երևանի գլխավոր ճարտարապետը նաև հաղորդեց, որ 2013թ. փետրվարին կավարտվեն Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային միացնող 4 կմ երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները: