17 սեպտեմբերի 2012 - 16:10 AMT
Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ցրել են արցունքաբեր գազի միջոցով

Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Սիրիայի հարցում իշխանությունների վարած քաղաքականության դեմ Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հաղորդում է տեղի հեռուստատեսությունը, Անթակիա քաղաքում տեղի ունեցած ակցիային մասնակցել են «Աշխատավորական կուսակցության» և Թուրքական երիտասարդության միության մոտ 1,5 հազար ակտիվիստներ:

«Խաղաղության և ժողովրդավարության տոնի» անցկացումը ավելի վաղ պաշտոնապես արգելվել էր իշխանությունների կողմից, սակայն կազմակերպիչները չեն ենթարկվել տեղական վարչակազմի հրամանին: Ակցիայի մասնակիցները վանկարկել են կարգախոսեր` կոչ անելով « ահաբեկիչների ճամբարները փակելու և նրանց երկրից դուրս հանելու» վերաբերյալ:

Շատերը բղավել են. «Սիրիան ու Թուրքիան եղբայրներ են», պահել են Սիրիայի նախագահ Բաշարի Ասադի նկարները` իրենց գործողություններն ուղեկցելով աջակցության մասին կոչերով: Ցույցն ուղղված է եղել Սիրիայի հարցում Անկարայի վարած քաղաքականությանը: