Առևտրային հարաբերությունների և գործարար կապերի զարգացման համար Բելառուսը և Հայաստանը պետք է ընդամենը ստեղծեն բարենպաստ տնտեսական պայմաններ, իսկ հետո «բիզնեսն ինքը կգտնի իր ճանապարհը»: Սեպտեմբերի 19-ին Մինսկում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը:
Դիվանագետը հաղորդել է, որ Հայաստանում բելառուսական ապրանքների արտահանումը կազմել է 21,7 մլն դոլար (աճել է 51.4 տոկոսով 2011-ի նույն շրջանի համեմատ), իսկ Հայաստանից ներկրումը` 3.5 մլն դոլար (աճել է 61,6 տոկոսով): «Վերջին տարում արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան մեկուկես անգամ, ընդ որում ինչպես Հայաստանից, այնպես էլ Բելառուսից արտահանումը գրեթե նույնն է` ավելի քան 50 տոկոս: Բայց անձամբ ես դժգոհ եմ այդ թվերից, մենք շատ մեծ հեռանկար ունենք: Մենք պետք է ավելի շատ և ակտիվ աշխատենք: Մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք, իսկ բիզնեսն ինքը կգտնի իր ճանապարհը»,- հայտարարել է դեսպանը:
Բարենպաստ պայմանների տակ Խաչատրյանը ենթադրում է նաև բյուրոկրատական քաշքշուքների կրճատում: «Հիմնականում մենք ամեն ինչ ունենք, որպեսզի զարգացնենք մեր հարաբերությունները և համատեղ բիզնեսը»,- կարծում է դիվանագետը, հաղորդում է ԲելաՊանը: