20 սեպտեմբերի 2012 - 17:46 AMT
«Սաֆարովի գործը». «Արևելյան գործընկերությունը» ձեռքերը լվաց

Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի հետ կապված հարցը ոչ մի կապ չունի «Արևելյան գործընկերության» հետ, որին մասնակցում են Ադրբեջանը և Հայաստանը: Այդ մասին ասվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ Սաֆարովին ազատ արձակելը քննարկման թեմա չէ ԵՄ «Արևելյան գործընկերության» շրջանակներում: «Լեհաստանի ԱԳՆ-ը ոչ մի բանակցություն չի վարել Հունգարիայի հետ` կապված Սաֆարովի գործի հետ»,- ասվում է հայտարարությունում և նշվում, որ այդ հարցը չի մտնում «Արևելյան գործընկերության» երկրների հետ համագործակցության ոլորտ:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ կուսակցության գործընկերները և խորհրդականները բազմիցս նախազգուշացրել են նրան նման քայլի վտանգավորության մասին, բայց հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների կողմը` Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուներ ապահովելու համար: Օրբանը խոստովանել է, որ իմացել է հնարավոր հետևանքների մասին, բայց ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհվի մի քանի ամիս անց «առողջական պատճառներով»:

Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին իր երկրի վարչապետին անվանել է «բարոյապես սնանկ» և կոչ արել հրաժարական տալ: Ինչպես հայտարարել է Մեշտերհազին, Օրբանը պետք է անձամբ պատասխանատվություն կրի իր որոշումից հետո ծագած սկանդալի համար, քանի որ հետևանքների մասին իրեն նախազգուշացրել են ԱԳ և արդարադատության նախարարները: