Սեպտեմբերի 22-ի առավոտյան Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունը:
Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի կենսագրականը.
«Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը (ավազանի անունով Եղիա) ծնվել է 1946թ. օգոստոսի 18-ին Հալեպում: Այնտեղ էլ ստացել է նախնական կրթությունը:
1961թ. ընդունվել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը, 1968 թ. ավարտել ընծայարանի բաժինը:
1966թ. մայիսին ձեռնադրվել է սարկավագ, իսկ 1968թ. հուլիսին` աբեղա` ձեռամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի:
1971թ. նոյեմբերին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում լուսարարապետ Տ. Հայկազուն արքեպիսկոպոսի ձեռամբ ստացել է վարդապետական աստիճան:
1974-1975թթ, վերադառնալով Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, վարել է Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի տեսչի պաշտոնը` միաժամանակ դասավանդելով Աստվածաբանություն, Գրաբար և Ծիսագիտություն:
1975թ. նոյեմբերից, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին եպիսկոպոսի հրավերով, վարել է թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնը:
1976թ հունիսին Սիդնեյում ծայրագույն վարդապետական աստիճան է ստացել` ձեռամբ առաջնորդ Տ Գարեգին եպիսկոպոս Գազանճյանի:
1981թ նոյեմբերին Վեհափառ Հայրապետի կոնդակով նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ:
1982թ փետրվարի 14-ին ձեռնադրվել է եպիսկոպոս:
1994-97թթ. ընտրվել է Ավստրալիայի Եկեղեցիների Ազգային խորհրդի առաջին նախագահ:
1995-ից ի վեր Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ էր:
1998-ից ի վեր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը: Մասնակցել է ԵՀԽ-ի Կանբերայի (1991թ.) և Հարարեի (1998 թ.) համագումարներին:
Այս տարիների ընթացքում հոգելույս Սրբազանն արժանացել է Ավստրալիայի պետական շքանշանների` երկրին ու հասարակությանը, հատկապես հայ գաղութին մատուցած բարի ծառայության համար: