Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանն անցյալ ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել էր Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների դեմ ադրբեջանցի մարդասպանի արտահանձման շուրջ պատրաստվող իրավաբանական հայցի վերաբերյալ տեղեկատվություն: Հունգարական տեղեկատվական գործակալությունը (MTI) այն արդեն հրապարակել է և ստորև ներկայացնում ենք նրա թարգմանությունը, ասվում է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ:
(MTI – Հունգարական տեղեկատվական գործակալություն), Բրատիսլավա, 2012թ սեպտեմբերի 7, ուրբաթ
«Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) հունգարական կառավարությունից սպասում է ներողության հայցում և ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հիմնավորում»,- ուրբաթ օրը Բրատիսլավայում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Աշոտ Գրիգորյանի խոսքերով, ԵՀՄՖ-ն մտադրվում է Սաֆարովի գործով դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների միջազգային դատարան և Հաագայի միջազգային դատարան: «Ներկա պահին աշխատում են իրավաբանության ոլորտում փորձագետների մի խումբ, ովքեր կկազմեն հայցը: Այն կարող է պատրաստ լինել արդեն մի քանի ամսից, և երբ այն ամբողջովին կվերջացնենք, հունգարա-ադրբեջանական գործը կհանձնենք դատարան.,- MTI-ին հայտնել է Աշոտ Գրիգորյանը: «ԵՀՄՖ-ի դռները բաց են հունգարական կողմի հետ այս հարցը քննարկելու և կարգավորելու համար: Մենք կցանկանայինք լսել հունգարական կառավարության տեսակետը, բայց դա չի նշանակում, որ մենք կդադարեցնենք հայցի պատրաստման գործընթացը», - ընդգծեց Աշոտ Գրիգորյանը:
ԵՀՄՖ-ն ենթադրում է, որ գործընթացի ժամանակ հունգարական կառավարության կողմից սխալ է թույլ տրվել, քանի որ վերջինս կարող էր ենթադրել, որ Սաֆարովն ազատ կարձակվի: „Մենք գիտենք, որ Հունգարիայի ղեկավարությունն այդքան միամիտ չէ` հավատալու, որ Սաֆարովն Ադրբեջանում բանտում կմնա, քանի որ 2005թ. նրա պատվին Բաքվում փողոց էր անվանվել“,- հայտնեց ԵՀՄՖ նախագահը:
ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պետք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինվորին ետ հանձնեն Հունգարիա, որպեսզի վերջինս կրի պատիժն ազատազրկման վայրում: «Բավարար կլինի եթե ընդունեն, որ արտահանձնման գործընթացում սխալ է տեղի ունեցել և այն շտկեն,- նշեց Աշոտ Գրիգորյանը,- եզրափակելով. այդպիսով Հունգարիան «կմաքրվի»: