Սեպտեմբերի 20-23-ին Տոկիոյում կայացած «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է քարոզչական բնույթի հակահայկական ապատեղեկատվությամբ մեծաքանակ նյութեր տարածել մասնակիցների և այցելուների շրջանում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվիրակությունը պահանջել է ցուցահանդեսի կազմակերպիչներին արգելել ադրբեջանական պրովոկացիան, ինչին կազմակերպիչ կողմի ղեկավարությունն օպերատիվ արձագանքել է, և ադրբեջանական նյութերը դուրս են հանվել ցուցահանդեսից:
Ադրբեջանի ջանքերը, միջազգային զբոսաշրջային հարթակներն օգտագործել հակահայկական քարոզչության համար, հերթական անգամ ձախողվել է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Փարիզում կայացող «Top Resa» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում վնասվել էր Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները. ադրբեջանական կողմը բողոքել էր Արցախի մասնակցության փաստի կապակցությամբ: Չնայած այս ամենին` տաղավարը վերականգնվեց, իսկ հայկական քարտեզները և գովազդային նյութերը լայնորեն հասանելի էին միջազգային հանրության համար:
Նշենք, որ «Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի ներկայացվածությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար գործընկերային նոր կապեր հաստատել և նպաստել ներգնա զբոսաշրջության աճին: