24 սեպտեմբերի 2012 - 14:52 AMT
Հայաստանի կամերային երգչախումբը ելույթ կունենա Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը սեպտեմբերի 29-ին ելույթ կունենա Դրեզդենի Ֆրաուկիրխե եկեղեցում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: Նրա խոսքով, երգիչները ելույթ կունենան Կոմիտասի, Մանսուրյանի, Հայրապետյանի ստեղծագործություններով, ինչպես նաև Շնիտկեի 3 հոգևոր երգերով: Շնիտկեի և Հայրապետյանի ստեղծագործությունները երգչախումբը կկատարի Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Երգչախումբը Դրեզդենում ելույթ կունենա իր ողջ` 35 հոգանոց կազմով:

Գերմանիայի համերգից անմիջապես հետո երգչախումբը Երևանում համերգ կտա կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակի կապակցությամբ, կձայնագրի նաև նրա ստեղծագործությունները:

Նոյեմբերի 2-րդ կեսին երգչախումբը կսկսի Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների ձայնագրությունը և համերգ կունենա:

Երգչախումբը տարեկան կտրվածքով ունենում է 15-20 համերգ միայն Երևանում: