24 սեպտեմբերի 2012 - 17:57 AMT
«Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ գործով դատական նիստի ժամանակ վկան ասել է, որ իր փոխարեն ցուցմունք է գրել քննիչը

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Նարեգ Հարթունյանի գործով դատական նիստը Դատարան կանչված վկաներից Լեւոն Պետրոսյանը չէր ներկայացել, փոխարենը դատարան էր եկել նրա մայրը՝ Մարգարիտ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ չի ճանաչում ամբաստանյալներից եւ ոչ մեկին: Դատախազի հարցին, թե որտեղ է իր որդին, նա ասաց, որ չգիտի:

Մ. Պետրոսյանը ասաց, որ իր որդին «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում վարորդ-առաքիչ է եղել եւ իրեն աշխատանքային գործունեության մասին ոչինչ չի պատմել:

Հաջորդը ցուցմունք տվեց Արմեն Քոչարյանը: Նա էլ հայտնեց, որ չի ճանաչում ամբաստանյալներին, սակայն ընկերությունից գնել է ապրանք:

Դատախազի հարցին, թե արդյոք հաշիվ-ֆակտուրա ստացել է ձեռք բերված ապրանքների դիմաց, Ա. Քոչարյանը դրական պատասխան տվեց:

Դատախազը հակասություն գտավ նախաքննական մարմնին դատարանում տված ցուցմունքներում. քննիչին տված ցուցմունքում վկան ասել է, թե իրեն հաշիվ-ֆակտուրա չի տրամադրվել: Պաշտպանական կողմի փաստաբան Հայկ Ալումյանը վկային ներկայացնելով նրա իրավունքները՝ ասաց, որ եթե վկան նախաքննական մարմնին տվել է իրականությանը չհամապատասխանող կամ սուտ ցուցմունք, ապա այդ ցուցմունքի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվի, եթե դատարանում հայտնի ողջ ճշմարտությունը, սակայն քրեական պատասխանատվության կենթարկվի, եթե դատարանում էլ սուտ ցուցմունք տա: Այնուհետեւ վկան պնդեց, որ ինքը հաշիվ-ապրանքագիր է վերցրել ապրանքները գնելիս: «Քննիչն ասել է, ես էլ գրել եմ, գումարն էլ քննիչն է ասել»,-հայտնեց վկան:

Ցուցմունք տվեց նաեւ վկաներից Արմեն Գալստյանը: Նա էլ հայտնեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում:

Նա եւս նշեց, որ ստացել է հաշիվ-ապրանքագիր, սակայն եղել են դեպքեր, երբ նաեւ չի ստացել: Վկան հայտնեց, որ չի հրաժարվում իր՝ նախկինում տված ցուցմունքներից:

Դատարանում այս նիստի ժամանակ ցուցմունք տվեց մեկ այլ վկա եւս. աուդիտորական ընկերության տնօրեն Սամվել Եղիազարյանը:

Վերջինս հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալներին, քանի որ աուդիտ է իրականացվել «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս»ՍՊ ընկերությունում, եւ ինքն էլ եղել է աուդիտ իրականացնողների կազմում:

Ս. Եղիազարյանը հայտնեց, որ ընկերության նորանշանակ տնօրեն Նարեկ Հարթունյանը կասկածներ ուներ նախկին տնօրենի ազնվության կապակցությամբ եւ այդ պատճառով էլ պատվիրել է աուդիտ իրականացնել:

Նա հայտնեց, որ աուդիտի արդյունքում պարզվել էր, որ ընկերությունում իրոք եղել են խախտումներ, եւ այդ խախտումները եղել են մինչև Նարեկ Հարթունյանի տնօրեն նշանակվելը, այդ ժամանակահատվածում ընկերության փաստացի ղեկավարումը իրականացվում էր Սևակ Արզարունու կողմից:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին: Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 9-ին Նարեգ Հարթունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները խոշոր չափերով օրինականացնելը, փողերի լվացումը), ընկերության փոխտնօրեն Անի Սերժիկի Մնացականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, իսկ հաշվապահ Արթուր Արամի Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205 հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:Վերոհիշյալ անձանց հանցավոր գործողություններով պետությանը պատճառվել է շուրջ 109 միլիոն ՀՀ դրամի վնաս:

Ըստ գործի, Նարեկ Կարապետի Հարթունյանը ղեկավարել է «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերությանը և այդ ժամանակահատվածում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց: