Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ ոչ մի կրպակ էլ չեն կառուցում

Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ  ոչ մի կրպակ էլ չեն  կառուցում

PanARMENIAN.Net - Վարդան Մամիկոնյանի արձանի անմիջապես դիմաց երկհարկանի շինություն են կառուցում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է «Իրական Հայաստան» նախաձեռնությունը` ուղարկելով նաև կառուցվող շինության լուսանկարը: Նախաձեռնությունը հայտնում է, որ այս րոպեներին Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց երկհարկանի կրպակ են կառուցում, իսկ բանվորները հրաժարվում են մեկնաբանություններ տալ:

PanARMENIAN.Net ը փորձեց կառուցվող շինության մասին տեղեկություններ ստանալ Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ տեղյակ չէ այդ շինարարությունից, բայց ենթադրում է, որ կառուցվում է բեմ` Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ ՝միջոցառումների անցկացման նպատակով:

Նկատի ունենալով, որ սեպտեմբերի 26-28-ը Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում առաջին անգամ անցկացվելու է «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնը, PanARMENIAN.Net ը փորձեց ճշտել նաև կիսակառույցի առնչությունն այդ փառատոնի հետ: Փառատոնի կազմակերպիչ GMG Մեդիա գրուպի հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ շինարարությունն իրականացվում է փառատոնի կազմակերպչական աշխատանքների շրջանակում:

Նշենք, որ «Երկրները` մեկ հարկի տակ» ցուցահանդեսում ներկայացվելու են 18 պետությունների (Իտալիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Արգենտինա և այլն) ապրանքներ: Այն ունենալու է արդյունաբերության, տնտեսական և մշակութային ուղղվածություն: Ըստ Մանուկյանի, փառատոնի նպատակն է աջակցել Սիրիայի հայերին: Տարածքում դրվելու են արկղեր, որտեղ կարելի է հանգանակել ցանկացած գումար, որը կտրամադրվի Հայաստանում ապրող սիրիահայ ընտանիքներին: Այդ կապակցությամբ ստեղծվել է ցուցակ, ըստ որի և կլինի հանգանակության բաշխումը:

Փառատոնն իր բնույթով լինելու է էթնիկ: Պաշտոնական բացմանը ներկա կլինեն պետական այրեր, որոնց կդիմավորեն աղ ու հացով: Նմանատիպ փառատոն Հայաստանում երբևէ չի անցկացվել: Փառատոնն ունի ճանաչողական բնույթ: Ըստ կազմակերպիչների, այն կնպաստի տարբեր երկրների ազգային մշակույթին, խոհանոցին և դրա յուրահատկություններին ծանոթանալուն: Փառատոնի ընթացքում լինելու է նաև ցուցահանդես-վաճառք, որն ընկերություններին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց արտադրանքը և վաճառելու այն: Փակման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---