Բյուրականում բացվեց Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողովը

Բյուրականում բացվեց Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Բյուրականի աստղադիտարանում բացվեց Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով: «Ատղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովը նվիրված է ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ աստղագիտական արժեք ներկայացնող Հայաստանի նյութական և ոչ նյութական հուշարձաններին: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը:

Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և արտերկրի մոտ 50 գիտնականներ` աստղագետներ, պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ և այլ մասնագետներ: Զեկուցվող և քննարկվող թեմաներն են լինելու աստղագիտական բնույթի ժայռապատկերները, հնագույն օրացույցները և տոմարը, աստղագիտական եզրաբանությունը, հնագույն աստղադիտարանները և աստղագիտական գործիքները, աստղագիտական երևույթների հիշատակությունները պատմական աղբյուրներում, Մատենադարանի աստղագիտական բնույթի ձեռագրերը, Անանիա Շիրակացու տիեզերագիտական և տոմարագիտական ժառանգությունը, միջնադարի հայ աստղագիտական քարտեզները և այլն:

Գիտաժողովն անցկացվում է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում և կտևի 3 օր` մինչև սեպտեմբերի 26-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---