Երևանը գրքի մայրաքաղաք` առանց երևանցիների

Երևանը գրքի մայրաքաղաք` առանց երևանցիների

PanARMENIAN.Net - Այս տարի ապրիլի 22-ին Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Շքեղ հանդիսությամբ գրքի 2011 թ-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երևանի բնակիչները մինչ այսօր հիշում են, որ այդ օրն Ազատության հրապարակում երգեց աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին, ում համերգին ներկա գտնվելու համար ժամեր առաջ եկել էին հրապարակ: Գեղեցիկ միջոցառումներն, անկասկած, երկար կմնան մարդկանց հիշողության մեջ, սակայն հարց է ծագում, ի ՞նչ եղավ հետո:

Սկսենք նրանից, որ անհրաժեշտ է բացել բացօթյա կրպակներ քաղաքի տարբեր հատվածներում, ինչը խոստացան, բայց չարեցին:

Առաջարկում եմ ՀՀ մշակույթի նախարարությանը վերափոխել իր քաղաքականությունն այս միջոցառումների շրջանակում: Այն հանրահայտ մարդիկ, ովքեր Երևան կայցելեն մասնակցելու նախարարության միջոցառումներին, հանդիպեն հայ ուսանողների հետ, կիսվեն իրենց փորձով: Գրքերի շնորհանդեսներն անել ավելի մասսայական վայրերում, որպեսզի հասարակ անցորդներն էլ ցանկության դեպքում միանան:

Կարելի է նաև ավելի հաճախ կազմակերպել ցուցահանդեսներ և հանդիպումներ հայտնի գրողների հետ:

Հարցն այն չէ, որ միջոցառումներ չեն կազմակերպվում, այլ այն, որ երևանցիներն իրենց անմիջական մասնակցությունը չունեն այդ «տոնին»: Այս ընթացքում կազմակերպվել են գիտաժողովներ, մրցույթներ, տեղի են ունեցել գրքի շնորհանդեսներ, սակայն դրանք ընդգրկել են շատ նեղ շրջանակ:

Գրքի մայրաքաղաքի հռչակումից հետո կարծես իրավիճակը կտրուկ պասիվացավ, և հասարակ քաղաքացիները չեն զգում այդ տարվա «շունչը»:

Նմանօրինակ իրադարձությունը քաղաքի պատմության մեջ կարող է տեղի ունենալ միայն մեկ անգամ, և պետք է առավելագույնս հիշարժան դարձնել այն, և տոն դարձնել մայրաքաղաքի բնակիչների համար: Դեռ բավական ժամանակ կա Երևանում այս իրադրությունը շտկելու, և իսկական տոն պարգևելու երևանցիներին:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---