27 դպրոցի նախկին ուսուչուհի Գոհար Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նամակ է գրել Երևանի քաղաքապետ Տարոն մարգարյանին, որում նա մասնավորապես նշում է.
«Հարգելի' պարոն քաղաքապետ, Նախ ընդունեք ջերմ շնորհավորանքներս` տարվա լավագույն քաղաքապետ ճանաչվելու կապակցությամբ:
Ես դիմում եմ Ձեզ, քանի որ այլ ելք չեմ տեսնում:
Պարո'ն քաղաքապետ, ես` Գոհար Սեյրանի Ստեփանյանս, ծնվել և մեծացել եմ քաղաք Երևան, Ս.Տարոնցի 3/2, բնակարան 24-ում:
1997 թվականին ավարտելով Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը , նույն թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել եմ աշխատանքի Դերենիկ Դեմիճյանի անվան հ. 27 հիմնական դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Մինչ 2012 թվականի սեպտեմբերի 3-ն աշխատել եմ նույն դպրոցում:
Աշխատանքից ազատվել եմ ոչ իմ դիմումի համաձայն. ինձ ազատել են աշխատանքից «դպրոցի աշխատողների թվաքանակի կրճատման անհրաժեշտությամբ պայմանավորված» պատճառաբամությամբ : Սակայն դպրոցն ունի անհրաժեշտ ժամաքանակ (80 -81 ժամ ) և 5 ուսուցիչ աշխատում էր հայոց լեզվի մեթոդմիավորում` Ա. Խլոպուզյանի նախագահությամբ:
Մեթոդմիավորման անդամներն են` Նունե Վարդանյանը, Գինովաբե Քուշկյանը, Էլոյան Սուսաննան և ես` Գոհար Ստեփանյանս:
Կրճատելով ինձ և տիկին Էլոյանին` 80-81 դասաժամերը նա բաշխել է երեք ուսուցիչների միջև , որոնք այս պահին աշխատում են օրենքով նախատեսված 22 դասաժամից ավել: Բայց , ցանկանում եմ նշել նաև, որ նույն մեթոդմիավորման կազմում աշխատում է թոշակառու Գինովաբե Քուշկյանը, ով 67 տարեկան է, եթե ոչ ավելին, սակայն դպրոցի տնօրենը նրան չի ազատել աշխատանքից:
Սեպտեմբերի 3-ին, երբ լրացավ անաշխատունակության համար վերցված թերթիկի ժամկետը (27.08. 2012թվական մինչև 03.09.2012 թվական ) , ներկայացել եմ աշխատանքի, սակայն ինձ նույն օրը հրաման 189-Ա-ով ազատել են աշխատանքից: Հիմք է ընդունվել 2012 թվականի հունիսի 29-ին հանձնված ծանուցումը , սակայն այդ ժամանակ ևս եղել եմ վատառողջ և ունեցել եմ անաշխատունակության թերթիկ: Ծանուցում չեմ ստացել, անհատապես չեն զգուշացրել, միայն այն օրը , երբ ներկայացել եմ աշխատանքի , այդ օրն է պարզվել, որ ես ազատվել եմ աշխատանքից:
Առաջին քայլս այն էր, որ դիմեցի աշխատանքային տեսչություն, իրավական հարցերով զբաղվող վարչության պետ պարոն Դանիելյանին` ոտնահարված իրավունքներս վերականգնելու համար: Առաջին օրը նա վերցրել է բոլոր փաստերը, այնուհետև հանդիպել է տնօրեն Սարգսյանի հետ: Տնօրեն Սարգսյանը պարոն Դանիելյանին փոխանցել է, որ ինքը ժամեր չունենալու պատճառով ազատել աշխատանքից Գոհար Ստեփանյանին և Սուսաննա Էլոյանին: Խոսքը չի գնում մասնագիտական թերացումների մասին և նշել է, որ «ինչ էլ որ լինի, չի փոխի իր որոշումը»:
Ցանկանում եմ նշել, որ որևէ նկատողության այս 15 տարիների ընթացքում չեմ ստացել, ունեմ բազմաթիվ շնորհակալագրեր ու պատվոգրեր, վերջինը ստացել եմ սույն թվականին, Դ.Դեմիրճյանի 135-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում` «Վարդանաք և հայը» սցենարների համար, որը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի համերգասրահում, ներկա էին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ տիկին Սողոմոնյանը , տիկին Աչոյանը և այլ հյուրեր:
Մասնակցել եմ թվով 12 վերապատրաստումների, որոնք իրականացրել է Կրթության և գիտության նախարարությունը, ունեմ համապատասխան վկայականները:
Կարծում եմ, խնդիրն անձնական բնույթի է, քանի որ ամեն հնարավոր առիթի դեպքում, տնօրեն Սարգսյանը նշել է, որ «գրչի մի հարվածով կազատեմ էդ մի քանի հոգուդ»: Վերջին զրույցում էլ նշեց, որ կարող էր պահել ինձ ու տիկին Էլոյանին, բայց չուզեց:
Պարո'ն քաղաքապետ, նրա ամուսինը` Սուրեն Մարգարյանը, ով նույնպես աշխատում էր մեր դպրոցում (տիկին Սարգսյանը մանկխորին հայտարարել է, որ իր ամուսնուն` պարոն Մարգարյանին ևս ազատում է աշխատանքից, սակայն նրա անունը չկա հեռացվածների ցուցակում: Տնօրենը ռուսաց լեզվի ուսուցչուհի Ալլա Գրիգորյանին ասել է. «Շնորհակալ պետք է լինես Սուրիկին, որ կրճատվել է, թե չէ դու էիր կրճատվելու») բոլորի մոտ հայտարարում է անընդհատ. «Սուսոյի դեմ խաղ չկա, քաղաքապետարանը մերն է, Տարոն Մարգարյանը մեր մարդն է»:
Պարոն քաղաքապետ , բա ի՞նչ անենք, որ դուք ևս «մեր մարդը « լինեք, որ մեզ անհիմն պատճառաբությամբ չազատեն աշխատանքից: Խնդրում եմ Ձեզ ` անհապաղ լուծում տվեք այս խնդրին: Վերջ տվեք նման տնօրենների սանձարձակությանը, քանի որ դպրոցն այն օջախն է, որտեղ տնօրենը պետք է օրինակելի լինի թե' ուսուցիչների, թե' աշակերտների համար:
Հարգանքներով` 27 դպրոցի նախկին ուսուչուհի Գոհար Ստեփանյան»: