18 մարտի 2005 - 07:44 AMT
ՄԱՐՏԻ 15-16 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԳՏՆՎՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՄԱՐՇԱԼԻ ԱՆՎԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 15-16 Հայաստանում էր գտնվում Անվտանգության խնդիրների հետազոտման Մարշալի անվան եվրոպական կենտրոնի պատվիրակությունը Կենտրոնի տնօրեն Ջոն Ռոզի գլխավորությամբ: Այցի ընթացքում Ջոն Ռոզը հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գոռիկ Հակոբյանի եւ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները Հայաստանի եւ Անվտանգության խնդիրների հետազոտման Մարշալի անվան եվրոպական կնետրոնի միջեւ: Դրանից բացի, Ջոն Ռոզը հանդիպել է Մարշալի անվան կենտրոնի Շրջանավարտների հայկական ասոցիացիայի նախագահ Գայանե Նովիկովայի հետ: Այցի շրջանակներում ընդունելություն է կազմակերպվել Շրջանավարտների հայկական ասոցիացիայի համար, որին ներկա է գտնվել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը եւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հեյկի Փայչը: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կոլեջը, ինչպես եւ մարշալի անվան եվրոպական կենտրոնի խորհրդաժողովների կենտրոնը ունիկալ ծրագրեր են կազմակերպում, որոնց մասնակցում են պաշտոնական անձինք շուրջ 62 երկրներից: Կենտրոնի առաքելության նպատակն է կայուն անվտանգության մթնոլորտի ձեւավորումը ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ համագործակցության համար, մասնավորապես, անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ աջակցությունը ակտիվ համագործակցությանը անվտանգության ոլորտում եւ հարաբերությունների զարգացումը Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների միջեւ` անվտանգության ոլորտում կրթական նախաձեռնությունների միջոցով: Մարշալի անվան Եվրոպական կենտրոնը աշխատում է ԱՄՆ եւ Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ եւ տարբերվում է ՆԱՏՕ-ի կառույցներից: