Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հյուսիսային Իրաքից Հայաստան ժամանած աշխարհի եզդիների հոգևոր բարձրագույն առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի դեմս եզդիների հոգևոր առաջնորդի շնորհավորեց հայաստանաբնակ եզդիներին` սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում սրբատեղիի օրհնության առիթով:
Հանդիպման ընթացքում Միրե-Միրա Թախսին Բեգը կարևորեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը` գոհունակություն հայտնելով, որ եզդիները ազատորեն ապրում են իրենց ազգային-կրոնական կյանքով, ինչի վկայությունն է Արմավիրի մարզում բացվելիք սրբավայրը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Իրաքի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Պարույր Հակոբյանը:
Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացավ հայ ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին: