Հոկտեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Արուտչյանների հոբելյանական ցուցահանդեսը: 2012թ. լրանում է Միքայել Արուտչյանի ծննդյան 115-ամյակը, Սերգեյ Արուտչյանի 100-ամյակը և Ռուբեն Արուտչյանի 65-ամյակը, և այդ նշանավոր ընտանիքի ներկայացուցիչների երկերը առաջին անգամ կցուցադրվեն միասին:
Կներկայացվեն ստեղծագործություններ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի, Ե. Չարենցի տուն-թանգարանի, ինչպես նաև Արուտչյանների ընտանիքի հավաքածուներից: Հանրությանը կներկայացվի նաև հոբելյարներին նվիրված նորերս լույս տեսած ալբոմը:
Միքայել Ավետի Արուտչյանը (1897 Շուշի – 1961, Մոսկվա) ժողովրդական նկարիչ, գրաֆիկ, կինոյի և թատրոնի նկարիչ է: Ձևավորել է ավելի քան 90 թատերական բեմադրություն, բազմաթիվ գրքեր և հայկական մի շարք ֆիլմեր: Արվեստաբանական բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
Սերգեյ Ավետի Արուտչյանը (1912, Բաքու – 1986, Երևան) նույնպես ժողովրդական նկարիչ, գրաֆիկ, կինոյի և թատրոնի նկարիչ, պլակատի և երգիծական պատկերների վարպետ է: Բեմադրություններ է ձևավորել է բազմաթիվ Գ. Սունդուկյանի անվ. և Գյումրիի դրամատիկական թատրոններում: Քաղաքական պլակատների, ընկերական շարժերի և ծաղրանկարների հեղինակ: Եղել է «Ոզնի» ամսագրի գլխավոր նկարիչ:
Ռուբեն Սերգեյի Արուտչյանը ծնվել է 1947թ. Երևանում: Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ, գրաֆիկ: Ստեղծագործում է բոլոր ժանրերում: Ցուցահանդեսներին մասնակցում է 1974թվականից: Նրա անհատական ցուցահանդեսները կազմակերպվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ձևավորել է բազմաթիվ ինտերիերներ, ստեղծել է գեղարվեստական պաննոներ: Շուշիի զինանշանի, ՀՀ և Լեռնային Ղարաբաղի հանրապետության զինանշանների, հայկական 50 000 թղթադրամի և բազմաթիվ հուշադրամների հեղինակ է: Երկու անգամ եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչ:
Պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի «Երախտագիտություն» մեդալով: