11 հոկտեմբերի 2012 - 18:48 AMT
Պարգևատրվել են հայապահպանության գործում նշանակալի ավանդ ունեցող լրատվամիջոցները

Ամփոփվել են «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության «Հայկական լրատվամիջոց» անվանակարգում 2012թ. մրցույթի. արդյունքները: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մրցույթի պայմաններին բավարարող հայտ էր ներկայացրել 44 լրատվամիջոց` 19 երկրից: Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի ընթացքում: Հաղթող լրատվամիջոցներին հանձնվել են հուշանվերներ, դիպլոմներ, պատվոգրեր, դրամական պարգևներ: Մրցույթի մասնակից մյուս լրատվամիջոցները ստացել են շնորհակալագրեր: