12 ապրիլի 2005 - 09:41 AMT
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 9-ՐԴ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 16-19-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը հանդես է գալիս Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների առավել սերտ համագործակցության օգտին: Այդ մասին նա հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում: Գրիզլովը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ զարգանում է կառուցողական երկխոսություն բոլոր մակարդակներով: Միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում ռուս եւ հայ խորհրդարանականների արդյունավետ աշխատանքը թույլ է տալիս քննարկել ու լուծել լուրջ, հանգուցային հարցեր, որոնք հետագայում կարող են ներկայացվել երկու պետությունների կառավարությունների քննարկմանը: Նա նաեւ նշել է, որ երկու երկրներն ակտիվորեն փոխգործակցում են հումանիտար, կրթության ու գիտության ոլորտներում: Նա նաեւ նշել է, որ այս տարին հայտարարված է Հայաստանում «Ռուսաստանի տարի», իսկ 2006 թվականին Ռուսաստանում կանցկացվի «Հայաստանի տարի»: Բ.Գրիզլովի խոսքերով` Ռուսաստանում սովորում են մեծ թվով ուսանողներ Հայաստանից: Նրա խոսքերով` հայկական կողմը ցանկանում է զարգացնել փոխհարաբերություններն այդ ոլորտում, եւ Ռուսաստանը պատրաստ է ընդառաջել նրան:
Գրիզլովը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական` 9-րդ նիստը կանցկացվի մայիսի 16-19-ը Երեւանում: Բնութագրելով երկու երկրների փոխհարաբերությունները` նա նշել է, որ «մենք հասել ենք այնպիսի մակարդակի, որ կարող ենք լուծել կոնկրետ հարցեր, ազդել տնտեսական իրադրության, հումանիտար ոլորտի վրա»: Հայաստանի խորհրդարանի խոսնակն իր հերթին գոհունակությամբ նշել է միջխորհրդարանական փոխգործակցության բարձր մակարդակը` ընդգծելով, որ նման հանդիպումները «նպաստում են երկու երկրների խորհրդարանականների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»: Նա պարզաբանել է, որ հանդիպման ընթացքում հայկական կողմը ցանկանում է քննարկել կրթության, գիտության, հումանիտար ոլորտում համագործակցության հարցեր: Բացի այդ, քննարկվելու է երկու երկրների փոխգործակցության հարցը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: