Պետպաշտոնյաները գնալով ավելի վատ են աշխատում մամուլի հետ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Անդրադառնալով Հայաստանում մամուլի այսօրվա կարգավիճակին` Օհանյանը նշեց, որ պետպաշտոնյաների վերաբերմունքը, ճնշումներն ու սպառնալիքները միակ խոչընդոտները չեն մամուլի արդյունավետ աշխատանքի ճանապարհին: «Մեծ կապ ունի նաև աշխատանքի ֆինանսական կողմը` մի կողմից տպագրվող մամուլի արժեքը, որը բարձրացնելու դեպքում մի փոքր կշահենք, բայց փոխարենը ընթերցող կկորցնենք, մյուս կողմից` լրագրողների աշխատավարձը: Այսօրվա դրությամբ լրագրողի մասնագիտությունն ամենացածր վարձատրվողներից է Հայաստանում, այդ իսկ պատճառով դժվար է գտնել մասնագիտացած լրագրողների, ովքեր պատրաստ են ոչ մեծ գումարի դիմաց աշխատել»,- ասաց նա:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն անդրադարձավ նաև նախարարությունների և այլ պետական մարմինների մամլո ծառայությունների պատասխանատուների աշխատանքին: «Մամլո խոսնակները շատ քիչ են համագործակցում մամուլի հետ, ինչը միայն բարդացնում է տեղեկատվություն ստանալու խնդիրը: Մինչդեռ նրանք ամենից սերտ կապեր պետք է պահպանեն լրագրողների հետ` ճշգրիտ տեղեկատվությունը հասարակայնությանը հասցնելու համար»,- նշեց նա` հավելելով, որ այդ բոլոր խնդիրներով հանդերձ այսօր Հայաստանում մամուլն առավել քան ազատ է: