Հոկտեմբերի 16-18-ը նախատեսվում է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի, պաշտպանության նախարար Ս. Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդ. Նալբանդյանի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ պաշտպանական բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության այցը Էջմիածին և հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի դիմավորման պաշտոնական արարողությունը, հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ և համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենան հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Համաձայնագրի ստորագրման արարողության ավարտին նախատեսված է ճեպազրույց: