ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով կրկին 30 աշխատանքային օրով կասեցվել են Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները:
Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 22-ից: Հուլիսի 17-ին ստուգումների ժամկետը երկարաձգվել էր տասը օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նախ հուլիսի 21-ին, ապա օգոստոսի 29-ին 30 աշխատանքային օրով կասեցվել էին հարկային ստուգումները Սիվիլիթաս հիմնադրամում:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կարող են կասեցվել առավելագույնը 90 աշխատանքային օր ժամկետով:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած 1 մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Բացի այդ, ըստ անցկացված քննության՝ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: