13 ապրիլի 2005 - 10:19 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ ԼՈՆԴՈՆՈՒՄ
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ապրիլի 15 Լոնդոնում
չի նախատեսում հանդիպել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Նրա խոսքերով, Լոնդոնում կկայանա իր հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք առանձին կհանդիպեն երկու երկրների արտաքին քաղաքական գեարտեսչությունների ղեկավարների հետ: «Չնայած, որ մենք գտնվելու ենք Էլմար Մամեդյարովի հետ նույն քաղաքում եւ նույն հյուրանոցում, մեր անձնական հանդիպումը նախատեսված չէ»,-ընդգծել է Վ.Օսկանյանը: Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե միջնորդների մոտ կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկների փաթեթ: Նա նշել է, որ չկա նաեւ կոնկրետ պայմանավորվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման վերաբերյալ: Երկու երկրների նախագահները կարող են հանդիպել մայիսի 8-9 Մոսկվայում կամ ավելի ուշ Վարշավայում: Պատասխանելով հակամարտության արագ կարգավորման մասին հարցին` Վարդան Օսկանյանը նշել է, որ կողմերը դեռեւս հեռու են հարցի վերջնական լուծումից, քանի որ հակամարտության կողմերի դիրքորոշումները տարբեր են շատ հարցերի շուրջ: