ՄԱԿ-ի ներկայացուցիչ. Զբոսաշրջությունն այսօր ընդունակ է ազդելու աշխարհում կատարվող գործընթացների վրա

ՄԱԿ-ի ներկայացուցիչ. Զբոսաշրջությունն այսօր ընդունակ է ազդելու աշխարհում կատարվող գործընթացների վրա

PanARMENIAN.Net - Աշխարհի երկրները պետք է ընդլայնեն փոխադարձ կապերը, որպեսզի կարողանան հաղթահարել ճգնաժամերը: Այդ մասին այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում կայացած հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Րիֆային: «Ճգնաժամերը եղել են, կան և լինելու են: Եվ դրանք ոչ միայն ֆինանսական կամ տնտեսական են, այլև սոցիալական, շրջակա միջավայրի: Մենք չափազանց շատ ենք շահագործում թե' ֆինանսները, թե' շրջակա միջավայրը, ինչը նոր ճգնաժամերի է հանգեցնում: Այս առնչությամբ պետք է նշեմ, որ զբոսաշրջության ոլորտն այսօր, ունենալով շուրջ 1 միլիարդ զբոսաշրջիկներ աշխարհով մեկ, ընդունակ է ազդելու աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա»,- նշեց նա` հավելելով, որ տուրիզմն ամենամեծ քանակությամբ մարդկային ռեսուրսներ ներառող ոլորտներից մեկն է:

Դրա հետ մեկտեղ Րիֆային ընդգծեց, որ մի շարք երկրներ մեծապես կախված են զբոսաշրջությունից: «Եթե 1950 թվականին աշխարհի բնակչության 75% 100կմ շառավղից հեռու չէր ճանապարհորդել, ապա այսօր ոչ միայն այդ սահմանն անցնող զբոսաշրջիկների թիվն է ավելացել, այլև տարիքային միջակայքը: Այսօր ճանապարհորդում են անգամ 14-15 տարեկան դեռահասները, իսկ նրանց կողքին` 70-75 տարեկան թոշակառուներ, ինչը 15-20 տարի առաջ դեռևս դժվար էր պատկերացնել: Վստահորեն կարող եմ ասել, որ մեզ հաջորդող սերունդները հետ նայելով կասեն, որ սա Տուրիզմի դարաշրջան էր»,- ասաց նա:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---