Բացվեց ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը

Բացվեց ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը

PanARMENIAN.Net - Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը: Այն կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ուսուցման ազգային հիմնադրամը ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (МФГС) աջակցությամբ:

Համագումարին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենիայի և Մոլդովայի ներկայացուցիչներ: Առաջին անգամ է, որ համագումարին մասնակցում են ԱՊՀ անդամ 9-ը պետությունների պատվիրակություններ:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն իր ելույթում կարևորեց կրթության դերը ժամանակակից հասարակության կերտման գործում: Ըստ վարչապետի, զարգացած են ոչ թե այն երկրները, որոնք մեծ արտադրանք են տալիս, այլ այն երկրները, որոնք որակյալ կրթություն են տալիս:

Համագումարն ընթանում է «ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում ժամանակակից ինտեգրման գործընթացները. խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրի ներքո:

2-րդ համագումարի նպատակն է Աստանայում կայացած 1-ին համագումարի որոշումների կայացմանը, ժամանակակից հասարակությունում ուսուցչի դերի և տեղի բարձրացմանը նպաստելը, ինչպես նաև առաջիկա տարիներին կրթության և գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների մշակումը, ԱՊՀ պետությունների համագործակցությունն ավելի դինամիկ և պահանջված դարձնելը:

Համագումարին մասնակիցում են ավելի քան 500 պատվիրակ` ԱՊՀ անդամ պետությունների հայտնի քաղաքական գործիչներ և հասարակական գործիչներ, ԱՊՀ անդամ պետությունների կրթության կառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, մեթոդիստներ, կրթական և գիտական հանրույթի մասնակիցներ:

ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատակիցների և ուսուցիչների 1-ին համագումարը տեղի է ունեցել 2010 թվականին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որին մասնակցել են ԱՊՀ անդամ 7-ը պետությունների պատվիրակություններ: 1-ին համագումարում որոշում էր կայացվել հաջորդ համագումարն անցկացնել Հայաստանում: Համագումարի ընթացքում քննարկվել էին ԱՊՀ տարածքում կրթության զարգացման խնդիրները, անցկացվել էին վարպետության դասընթացներ, էքսպո-ցուցահանդեսում ներկայացվել էին կրթական գործընթացի ժամանակակից տեխնոլոգիաները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---