Հանրապետությունում համաճարակային իրավիճակը սրված չէ

Հանրապետությունում համաճարակային իրավիճակը սրված չէ

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն եվրոպական տարածաշրջանի երկրներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում, գրիպի և սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ: Նույն կազմակերպության հայտարարության համաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում այսօր շրջանառվում են գրիպի Ա և Բ տեսակները: Վիրուսաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը վկայում է, որ հետազոտված դեպքերի 96% -ում արձանագրվում է գրիպի Ա տեսակը:

Եվրոպական տարածաշրջանի երկրներում ներկայումս չի դիտվում գրիպի, գրիպանման հիվանդությունների և սուր շնչառական վարակների ինտենսիվ շրջանառություն: Այսինքն` համաճարակային իրավիճակը գնահատվում է արտասեզոնային:

Ինչ վերաբերում է մեր հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակին, ապա պետք է նշել, որ նշված հիվանդությունների առումով իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Իրավիճակի գնահատման համար հանրապետությունում իրականացվում է շաբաթական մոնիտորինգ: Հանրապետությունում շարունակվում են կատարվել գրիպի նկատմամբ լաբորատոր, վիրուսաբանական, հետազոտությունները: Իրականացված հետազոտությունների արդյունքում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին նորությունների հիման վրա այսօր հանրապետությունում շարունակվում են գրիպի և սուր շնչառական վարակների դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, որոնք կանոնակարգվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և մի շարք մեթոդական ցուցումներով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---